Zoqanch Khanum

genres: Minstrel/Ashough
ՓԵՍԱ – Ոչ բարով գայի ձեր գեղը,
Չուտեի քո ձվաձեղը,
Խելքս տարար տեղն ու տեղը,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ – Աղա փեսա, էս ի՞նչ արիր,
Ես գիտեմ, թե լավ լուր բերիր,
Սրտիս վրա կրակ դրիր,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Էսօր դեմքդ լավ չտեսա։

ՓԵՍԱ – Ես ձեր տանը ղոնաղ դառա,
Խոսքիդ համոզվեցի, վառա,
Իր մոր գոված աղջիկն առա,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում ։

ԶՈՔԱՆՉ – Հոժար չես, որ մեր տուն եկար,
Աշխարհիս մեջ բախտդ գտար,
Ինձ պես կնկա փեսա եղար,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Որ իմանաս, մեծ բան է սա։

ՓԵՍԱ – Ես քեզ տեսա սիրուն խելքով,
Աղջիկդ առա մեծնանց կարգով,
Կրակն ընկա ես իմ ձեռքով,
Ինձ վառել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ – Իմ աղջիկը խասից խաս է,
Մարմար ծոցի ոսկե թաս է,
Մտածելը քեզ վնաս է,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Էսօր դեմքդ լավ չտեսա։

ՓԵՍԱ – Մտածելը անօգուտ է,
Մի ճար արա, քանի շուտ է,
Լավ ուտել ու պառկել գիտե,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ – Որ մտիկ տաս բոյին, բուսին,
Երեսմ ունի կլոր լուսին,
Անծանոթ է ձեր տան ծեսին,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Որ իմանաս, մեծ բան է սա։

ՓԵՍԱ – Կարծես խելքը գլխին յար չէ,
Սարից իջած կոպիտ արջ է,
Կարել – գործելուց խաբար չէ,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ – Իմ աղջկան շատ մի ատե,
Սխալներին մի նախատե,
Կեսուր չունի, որ խրատե,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Որ իմանաս, մեծ բան է սա։

ՓԵՍԱ – Ես մի ջահել, մտքով թեթև,
Քեզ որ տեսա՝ մոռացա բարև,
Դու կարմիր ես, աղջիկդ սև,
Ինձ վառել ես, զոքանչ խանում,
Ես ումնո՞վ եմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ – Հերիք խոսիս դու դուփ – դուրան,
Անմեղ տեղը ատես նրան,
Գնա կորի, լափշո բերան,
Էլի կասի զոքանչ խանում,
Տես ումնո՞վ է ուրախանում։

ՓԵՍԱ – Թե որ խիղճդ միտդ բերես,
Թե ինչ օրի մնացի ես,
Հավասին էլ ծաղրեց վրես,
Ինձ վառեցիր, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։